ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Արևմուտք-Իրան-Արևելք, որտե՞ղ է Հայաստանը

Արևմուտք-Իրան-Արևելք, որտե՞ղ է Հայաստանը
06.04.2015 | 17:04

Միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի և վեցյակի համաձայնության և հունիսին համաձայնագրի կնքման հնարավորությունը ի՞նչ կտա Հայաստանին հարցը ստանում է միմյանց հակասող պատասխաններ, բայց ունի ընդհանուր հայտարար՝ Հայաստան-Իրան հարաբերությունները պետք է զարգանան:

Ի՞նչ վտանգներ են փորձագետներն ու քաղաքական գործիչները տեսնում համաձայնագրից: Նախատեսվում է, որ Իրանը երկար տարիներ ատոմային զենք չի ունենա (առնվազն 10-15 տարի), բայց ատոմային ծրագրերը չեն փակվելու, անցնելու են վերահսկողության տակ, որպեսզի խաղաղ ատոմի ուսումնասիրությունը ատոմային ռումբի չհանգեցնի: Ոմանք պնդում են, որ աշխարհը համաձայնում է Իրանի ատոմային պետություն դառնալուն, միևնույն է, եթե չլինի համաձայնագիր՝ Իրանը ավելի արագ է ռումբ ստանալու: Համարվում է, որ Իրանի ատոմային տերություն լինելը վտանգ է տարածաշրջանի համար՝ Իսրայելը չի հանդուրժի, որ, իր կարծիքով, «աշխարհի ամենաահաբեկչական պետությունը» միջուկային զենք ունենա: Տարբեր հարցերում բախվում են Թուրքիայի և Իրանի շահերը՝ սկսած էներգակիրներից մինչև հաղորդակցուղիներ: Նույն խնդիրն ունի Սաուդյան Արաբիան: Հավելեք ռազմական ու քաղաքական կոնֆլիկտները Սիրիայում, Իրաքում, Եմենում, Եգիպտոսում, ԻՊ-ի գործոնը, որոնց Իրանը այս կամ այն կերպ մասնակից է: Համաձայնագրի կնքումով՝ ձերբազատվելով պատժամիջոցներից՝ Իրանը դառնում է մրցակից Ռուսաստանին և բնական է, որ Կրեմլը հնարավորն անելու է էներգակիրների առանց այդ էլ իր համար նեղացող շուկայից Իրանին դուրս մղելու համար: Այս կետում Իրանի և Ռուսաստանի շահերը բախվում են Հայաստանում: Իրանը կարող է Թուրքիայով անցկացնել գազատարը, բայց այդքան կենսական կարևորություն ունեցող ու ֆինանսական մեծ ներդրումներ պահանջող ծրագիրը իրականացնել մի երկրի հետ, որը քաղաքական հուսալի դաշնակից չէ, չափազանց ռիսկային է ու Թեհրանի համար աննպատակահարմար: Իրան-Թուրքիա- Սև ծով- Եվրոպա գազատարը նաև անվտանգության խնդիրներ է ունենալու, որոնք Թուրքիայի համար ներքաղաքական են և այսօրվա-վաղվա լուծում չունեն՝ քրդերի հարցի պատճառով: Գազատարը Հայաստանով անցկացնելուն դեմ է Ռուսաստանը: Ռուսաստանն ընդհանրապես դեմ է, որ իրանական գազը հասնի Եվրոպա, բայց հարցն արդեն դուրս է գալիս Ռուսաստանի վճռի շրջանակներից: Եթե, այնուամենայնիվ, Իրանի գազը հասնելու է Եվրոպա, Ռուսաստանի համար շատ ավելի շահավետ է ոչ թե խանգարել, այլ փորձել սեփական շահը գտնել այդ ծրագրի մեջ: «Գազպրոմի» տարեկան 4 մլրդ դոլարի ենթադրյալ կորուստը այն գինը չէ, որի համար Մոսկվան կարող է փլուզել ռուս-իրանական հարաբերությունները, որ դարձել են բազմաճյուղ անցած տասնամյակներում: Հայաստանը այլևս չի կարող այս հարցում դիտորդի կարգավիճակով սպասել, թե ինչ կվճռեն գերտերությունները: Իրանական գազի տարանցիկ երկիր դառնալը Հայաստանի համար և քաղաքական, և տնտեսական, և ազգային անվտանգության խնդիր է: Ռուսաստանը, որ փակում է Իրանի հետ համագործակցության ճանապարհը, փոխարենը այլընտրանք չի դառնում:
2013-ի սեպտեմբերի 3-ից կառուցվող առասպելը փլվում է՝ ԵԱՏՄ-ն, որ ներկա ձևաչափով գործում է 2015-ի հունվարի 2-ից, այն կառույցը չէ, որ նախատեսվում էր 2013-ին: ՈՒկրաինան ոչ միայն փոխեց ԵԱՏՄ-ի աշխարհագրությունը, այլև քաղաքական ու տնտեսական խնդիրներ հարուցեց Ռուսաստանում: Փոխեցին իրենց քաղաքականությունը և Բելառուսն ու Ղազախստանը՝ նրանք վաղուց արդեն հույսը չեն դնում միայն ԵԱՏՄ-ի վրա և առևտրատնտեսական համագործակցության ճանապարհներ են հարթում Արևմուտքի հետ: Միաժամանակ՝ երկու երկրների նախագահներն էլ իրենց բոլոր հարցազրույցներում շեշտում են քաղաքական անկախության կարևորությունը: ՌԴ նախագահն առաջարկում է մշակել միասնական արժույթի անցման ծրագիր, նրանք համարյա միաժամանակ պատասխանում են, որ դա հեռավոր ապագայի հեռանկար է ու անլուրջ է այսօր այդ մասին խոսել: Երկու տարի առաջ դա անհնար կլիներ: Հայաստանը մտնելով ԵԱՏՄ՝ միայն տեսականում ստացավ 170-միլիոնանոց շուկա, իրականում կրճատվեց արտահանումը: Նույնքան անիրական էր աշխատանքային միգրանտներին տրվող արտոնությունների առասպելը: Նախ՝ հազարավոր միգրանտների առաջ ՌԴ սահմանը փակ է՝ առանց բացատրության, երկրորդ՝ գնան, ի՞նչ անեն, եթե աշխատանք չեն գտնելու, երրորդ՝ հասկանալի պատճառներով կրճատվեց ՌԴ-ից Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալը: Ստացվեց, որ Հայաստանը անդամ է, թե անդամ չէ ԵԱՏՄ-ին, իր խնդիրները ինքը պիտի լուծի: Բայց՝ արդեն ԵԱՏՄ-ի հարուցած արգելքների պարագայում: Միաժամանակ՝ Հայաստանը քաղաքական պատճառներով չի կարող ԵԱՏՄ-ից դուրս գալ: Բիզնեսի ձախողումը, քաղաքական պատճառներից բացի, ունի նաև տասնյակ այլ պատճառներ: Այս իրավիճակում համագործակցությունը Չինաստանի հետ կարող է իրավիճակ փոխել, բայց մինչև Պեկինում կնքված համաձայնագրերը սկսեն գործել, ժամանակ է պետք, տնտեսությունը պահել է պետք: Իրանը այդ հնարավորությունները Հայաստանին տալիս է: Գործում է Իրան-Հայաստան գազամուղը, սակայն Ռուսաստանի պատճառով գազը գրեթե չի օգտագործվում։ Իրանից գազ ենք ստանում գազամուղի հնարավորության 35 տոկոսի չափով։ Ինչո՞ւ չենք օգտագործում գոնե 80 տոկոսը, որ նվազեցնենք Ռուսաստանից թանկ գազի գնումը։ Իրանական գազով էլեկտրաէներգիա է արտադրվում և փոխանցվում Իրանին, բայց այդ գազը սպառողին չի հասնում «Գազպրոմի» հետ պայմանագրի պատճառով: Ժամանակին Սերժ Սարգսյանն ասում էր, որ պայմանագրի պայմանները ցանկացած պահի կարող է փոխել, եթե դա Հայաստանի շահերից չի բխում: Այդ պահը հասունանում է, կարո՞ղ է Սերժ Սարգսյանը պայմանագիր փոխել: Տարիներով խոսվում է Իրան-Հայաստան երկաթգծի մասին, բայց՝ չի կառուցվում: Նույնքան երկար խոսվում է փոքր նավթամուղի կառուցման մասին, որը հնարավորություն կտա նավթավերամշակման գործարան կառուցել Հայաստանի հյուսիսում։ Չի արվում: Արդեն 10 տարի է` խոսում ենք Արաքսի վրա հիդրոկայանների կառուցման մասին, սակայն մինչ օրս հարցը լուծված չէ։ Հայաստանին, ինչպես Ռուսաստանին, Բելառուսին, Ղազախստանին որևէ կողմ չի կարող պարտադրել աշխատել միայն ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ գազը կարող է ծախել Հայաստանին շատ մատչելի գներով։ Իշխանական բոլոր ներկայացուցիչները միաբերան ժխտում են, որ Իրանը Հայաստանին ռուսականից էժան գազ կտա, հասկանալի է, ի՞նչ ասեն: Ասեն՝ Հասան Ռուհանին ուզում է Երևան գալ՝ համաձայնագիր կնքելու, Պուտինը դե՞մ է: Իրանական գազի ու նավթի տարանցումը Հայաստանի տարածքով Հայաստանին դուրս կբերի տարածաշրջանի տնտեսական ծրագրերից մեկուսացումից: Եթե իրանական գազամուղը Հայաստանով հասնի Վրաստան, Հայաստանն արդեն իսկ դառնում է տարանցիկ երկիր՝ տնտեսական բոլոր պրեֆերենցիաներով: Քաղաքական խիզախություն է պետք և տնտեսական հստակ հաշվարկ: Հաշվարկ՝ ի՞նչ կստանան Հայաստանն ու Ռուսաստանը, եթե Հայաստանը դառնա տարանցիկ երկիր և ի՞նչ կկորցնեն Հայաստանն ու Ռուսաստանը, եթե Իրանի էներգակիրները Եվրոպա հասնեն Ադրբեջանով ու Թուրքիայով: Եվրոպան պատրաստ է աջակցել, սա նաև ԵՄ-ի համար է կենսական հարց: Իրանի տնտեսական զարգացման հեռանկարները աշխարհաքաղաքական պատճառներով հարցականի տակ դնողները արձանագրում են, որ Իրանն իր գազը վաճառելու հարցում բախվելու է Կատարի և Սաուդյան Արաբիայի հետ, որ էներգակիրների արտահանման շուկայում իրենց դիրքերը պահպանելու համար կարող են քաղաքական ու ռազմական միջոցներ գործադրել: Բացի այդ՝ հարցականի տակ է դրվում, թե պատժամիջոցներից ազատվելուց հետո ի՞նչ երկիր կլինի Իրանը՝ պրոարևմտյա՞ն, թե՞ ոչ, և ի՞նչ զարգացումներ կլինեն բուն Իրանում, որ 80-միլիոնանոց երկիր է: Մուսուլմանական երկիր: Չեն բացառվում մուսուլմանական էքսպանսիան Հայաստան, աշխարհաքաղաքական տեսակետների վերանայումները, այդ թվում՝ ղարաբաղյան հարցում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այդպես է, մենք միշտ գնահատում ենք ու արժևորում ենք, թե ինչ են ծրագրում ու ցանկանում գերտերությունները, մեր հարևանները, մեզնից հազարավոր կիլոմետրեր հեռու երկրները: Բայց՝ անհրաժեշտ պահին մենք երբեք հստակ ու անբեկանելի որոշում չենք ունենում, թե ի՞նչ ենք մենք ուզում, ի՞նչ ենք մենք ծրագրում, ի՞նչ է պետք մեզ ու ի՞նչ մեզ պետք չէ: Այս մնացորդային քաղաքականության հետևանքով Հայաստանը կարող է իսկապես մնալ ԵԱՏՄ-ում միակ երկիրը և միակ երկիրը, որ Իրանի հետ որևէ տնտեսական ծրագիր չի իրականացնում, որովհետև քաղաքականապես անկախ չէ:

Դիտվել է՝ 1066

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ